Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում տոնել է իր առաջին հաղթանակը: Ռաֆայել Նազարյանի սաները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության են հասել Ղազախստանի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 4-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո խփել է Գագիկ Պողոսյանը:
Ղազախ ֆուտբոլիստներին հաջողվել է ստեղծել բազմաթիվ պահեր, սակայն հիանալի է գործել դարպասապահ Արսեն Բեգլարյանը:
Հայաստանի հավաքականի պաշտպանությունն այդ օրն անթերի է եղել: Նաև կենտրոնական պաշտպանների շնորհիվ է, որ հայերին հաջողվել է վերադառնալ 3 միավորով:
Հայաստանի ընտրանին 10-րդ խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը, առաջատարը 6 միավորով Իսլանդիան է: