Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, հանդիպել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Քննարկվել են երկու իրավապահ կառույցների համագործակցության ներկա վիճակին ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:
Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է նոր թափ հաղորդվել Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությանը, պետք են գործնական քայլեր՝ համագործակցությունն ամենօրյա համատեղ աշխատանքի վերածելու համար: Ընդգծվել է երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և արդյունքների քննարկման ու լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Որոշվել է ակտիվացնել աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ:
Առաջիկա օրերին Հայաստան կժամանեն Վրաստանի ՆԳ նախարարության արտաքին ծառայության, մասնավորապես՝ պարեկային ծառայության ներկայացուցիչները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ փորձի փոխանակման: Պատվիրակությունների աշխատանքային հանդիպումից հետո տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության Վաքե-Սաբուրթալիի շրջանային բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, զինանոցին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպման ընթացքին:
Վրաստանի ՆԳ նախարարության «112» ծառայություն ևս այցելություն է եղել, որտեղ կենտրոնացվում է ոստիկանության ստորաբաժանումներից, հրշեջ և փրկարար ծառայություններից, բուժհաստատություններից, ինչպես և քաղաքացիներից ստացվող ողջ ինֆորմացիան՝ օրական 20-25 հազար ահազանգ
Աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել համապատասխան ոլորտների վրաց պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության որոշակի բնագավառներ ու ծրագրեր:
Թբիլիսյան այցից հետո ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու ողեկցությամբ այցելել է Աջարիա, որտեղ հանդիպումներ են ունեցել կառավարության անդամների և իրավապահ կառույցների պատասխանատուների հետ: Օգոստոսի 11-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձել է Երևան: