13 օգոստոսի 2013 - 18:01 AMT
ԿԱՐԾԻՔ
Հայ զինծառայողի «հարցազրույցը». Ադրբեջանցիներից անպետք ռեժիսորներ են ստացվում

Բեմադրելով «հակառակորդի կողմն անցած հայ զինծառայողի խոստովանությունը» ներկայացուցմը՝ ադրբեջանցի «մասնագետները», թեև առաջին անգամ չեն դա անում, չեն կարողացել որակ ապահովել: Ադրբեջանցիներին գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նախօրեին ինտերնետում հայտնված «հարցազրույցը» սպիտակ թելով է կարված: 30-վայրկյանանոց տեսահոլովակում Ինջիղուլյանի ձայնը միտումնավոր խլացված է մեկնաբանի ձայնով, սակայն մի քանի բառն անգամ բավական է, ի հայտ բերելու համար որոշ անճշտություններ, որոնք վկայում են այն մասին, որ Ինջիղուլյանը, հավանաբար, գտնվում էր առնվազն ճնշման տակ, եթե ոչ հոգեմետ միջոցների ազդեցության ներքո:

Մինչդեռ ադրբեջանական ռուսալեզու կայքերը նույնիսկ մեկնաբանի խոսքերը միանգամայն կամայական են թարգմանել ռուսերեն: Ահա իբր Ինջիղուլյանի բառերի ռուսերեն թարգմանության բովանդակությունը. «Մեր վաշտի հրամանատարը բռնի կեպրով ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի, քանի որ հոգնել էի և ասացի, որ հետո կգնամ: Ի պատասխան նա կոպիտ ձևով ասաց ինձ, թե, տեսնենք ոնց չես գնա ու խփեց աչքիս: Արդյունքում, չտանելով վիրավորանքներն ու նվաստացումները, ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»: Սակայն «Ես կամավոր անցա ադրբեջանական կողմը» արտահայտությունը տեսահոլովակում բացակայում է: Ավելին, Ինջիղուլյանի հայերեն ասված խոսքերը ընդհատվում են «ես գնացի ջրի» արտահայտության վրա: Դատելով այս ամենից, «ռուսերեն թարգմանությունը» նախատեսված է հայկական լսարանի համար, սակայն Բաքվում մոռանում են, որ հայերի թվում քիչ չեն ադրբեջաներենին տիրապետող մարդիկ:

Ի դեպ, ուշագրավ է Ինջիղուլյանի խոսքի այն հատվածը, երբ նա ասում է «երեկոյան ժամը 7-ին», այն դեպքում, երբ հայտնի է, որ նա հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում գիշերվա ժամը 3-ին: Հազիվ թե, որոշելով անցնել ադրբեջանցիների կողմը, նա 8 ժամ ինչ-որ տեղ զբոսնել է, առավել ևս գիշերվա կեսին: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցիները խոսում են երեկոյան ժամը 11-ի մասին, միևնույն է մնում է «անհայտ» 4 ժամ:

Եվս մեկ պահ: Հակոբ Ինջիղուլյանը ակնոց է կրում, առանց ակնոցների նա բավականին վատ է տեսնում: Մինչդեռ, «հարցազրույցի» ժամանակ նա ակնոց չի կրում: Արդյո՞ք նպատակն այն չէ, որ ընդգծվի արյան զեղումը, որն, իբր, «հրամանատարի հարվածի» հետևանք է: Վերջին տարիներին Հայաստանի ԶՈւ շարքերում հրամանատարների կողմից բռնի ուժին դիմելու հարցերը շատ խիստ են դրված: Զինվորի վրա ձեռք բարձրացրած հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվում: Եվ ակնհայտ է, որ Ինջիղուլյանի հրամանատարը գիտեր այդ մասին և հազիվ թե ռիսկի դիմեր, հարվածելով զինվորի դեմքին: Հազիվ թե ինչ-որ մեկը հավատա, որ ադրբեջանական կողմը կհրաժարվեր իրենց ձեռքն ընկած զինվորին գեթ մեկ անգամ հարվածելու «հաճույքից»:

Բացի այդ, «հարցազրույցի» ժամանակ Հակոբը իրեն բավականին տարօրինակ է պահում: Անընդհատ շարժվում է, իր տեղը չի գտնում, նյարդայնանում է: Մի խոսքով, միանգամային նման չէ մի մարդու, որը գիտակցաբար է անցել ադրբեջանցիների կողմը: Այստեղ պետք է իրենց խոսքն ասեն փորձագետները, որոնք պետք է պարզեն, թե հատկապես ինչ միջոցներ են օգտագործվել, ստիպելու համար զինվորին ասել այն, ինչ նրանց հարկավոր է:

Այստեղ պետք է նշել, որ սա առաջին նման ադրբեջանական ներկայացումը չէ: 2010թ. սեպտեմբերի 11-ին հայ հովիվ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը, 1990թ. ծնված, գերի ընկավ ադրբեջանցիներին, որտեղ նրան շտապեցին «դիվերսանտ» անվանել: Մի քանի օր անց ինտերնետում հայտնվեց նրա հետ տեսագրված «հարցազրույցը», նույն ANS հեռուստաալիքի նկարահանած: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունից հետո ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո ու հատուկ միջոցների կիրառմամբ:

Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Մանվել Սարիբեկյանն իբր ինքնասպան եղավ: Պատահարի վայրի զննությունից հետո Ադրբեջանի զինդատախազության աշխատակիցները պարզել են, որ Սարիբեկյանը «կախվել է, պարան հյուսելով իր վերնաշապիկից ու սավանից»: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Սարիբեկյանի դին: Նրա մարմնի նախնական զննության ժամանակ հայտնաբերվեցին կտտանքների հետքեր, որոնք վկայում են դաժան ու անմարդկային վերաբերմունքի մասին:

Հուսանք, որ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված միջադեպը այլ զարգացում կունենա և նա բարեհաջող կերպով կվերադառնա Հայրենիք:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News