14 օգոստոսի 2013 - 18:50 AMT
Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց նստացույցի մասնակիցների հետ քննարկումից

Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց շենքի դիմաց արդեն 20 օր նստացույցի դուրս եկած երեք երիտասարդների հետ քննարկում անցկացնել, որի մասին նախապես հայտարարվել էր: Երիտասարդները հայտարարել էին, որ կքննարկեն միայն հովանոց տեղադրելու թույլտվության վերաբերյալ հարցը:

Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանը նստացույցի մասնակից Գոռ Առաքելյանի հետ երկխոսության ժամանակ նշել է, որ միայն հովանոցի հարց քննարկելու համար հանդիպում չի կայանա, քանի որ դրա պատասխանը պաշտոնապես առավոտյան տրվել է` կանաչ տարածության վրա չի թույլատրվում հովանոց տեղադրել, իսկ մայթի վրա՝ միայն այն դեպքում, երբ հանրության շահերից կբխի և չի խոչընդոտի երթևեկությանը:

Նստացույցի պահանջը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականներն է: