15 օգոստոսի 2013 - 11:23 AMT
ՊՆ. Գերի ընկած զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու. նրա արարքում հանցակազմ չկա

Ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդելու, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները մինչ օրս չենն հանդիպել Հակոբին: Զինծառայողի ծնողներն ու ՀՀ ՊՆ-ն բազմիցս կոչ են արել ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիօպել զինծառայողին և կազմակերպել նրա վերադարձը հայրենիք: