15 օգոստոսի 2013 - 17:35 AMT
ՊՆ. Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայողը փոխել է մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

Նա տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դ. Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջև նաև շուտափույտ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:

Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել: