Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն Արտաքին գործերի նախարարությունում ընդունել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը:
«Փոխնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է Հակոբին հետ բերելու համար: Վաղն էլ ժամը 11.00-ին հանդիպելու են ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հետ, որ քննարկեն, թե ինչ են անում և նախարարությունը ինչ կարող է անել»,- ասաց Արման Ինջիղուլյանը:
Քիչ առաջ ՊՆ տարածած հաղորդագրության մասին, որով տեղեկացվում է, որ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է` շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը, և որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան, Արման Ինջիղուլյանն ասաց. «Սա մեզ համար հույս է, որ շուտով մի լավ նորություն կլինի»: