17 օգոստոսի 2013 - 12:06 AMT
Թուրքիայում հայտնաբերել են Աբրահամ մարգարեի «կորուսյալ քաղաքը»

Հարավթուրքական Ղիլիս քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են բրոնզե դարի «կորուսյալ քաղաք», որտեղ, ըստ պեղումների ղեկավար, պրոֆեսոր Աթիլա Էնգինի, կարող էր բնակվել բիբլիական Աբրահամ մարգարեն:

«Ըստ երկաթե դարի մագաղաթի, այստեղ հայտնաբերված կորուսյալ քաղաքում է ապրել Աբրահամ մարգարեն: Սա մեծ հայտնագործություն է տարածաշրջանի և երկրում զբոսաշրջության զարգացման համար»,-հայտարարել է Էնգինը, գրում է Hurriyet Daily News-ը: Պարզ չէ, թե ինչ փաստաթղթի վրա է հղում տալիս Էնգինը: Հնագետների աշխատանքի արդյունքները հրապարակված չեն միջազգային հնագիտական ամսագրերում:

Էնգինը նաև հայտնել է, որ հայտնաբերվել է նաև 134 հատ մետաղադրամ, որոնք դասվում են Ալեքսանդր Մակեդանոցու ժամանակներին:

Գիտնականները ենթադրում են, որ վայրը համապատասխանում է Ուլիս քաղաքին, սակայն չեն պնդում, քանիդ դեռ չկան լրացուցիչ ապացույցներ: