Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:
Բակո Սահակյանը կարևորել է նման հաստատության առկայությունը Արցախում՝ նշելով, որ մեր հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, և այն պիտի դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարան և ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին: Կարևորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ Նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի` Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: