17 օգոստոսի 2013 - 16:17 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկային զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի, լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Պայթյունը որոտացել էր Լիբանանի մայրաքաղաքի հարավային` շիական թաղամասում, որը համարվում է Հեզբոլլահ շարժման հենակել: Զոհվել է առնվազն 17, վիրավորվել 120 մարդ: Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել մինչ այժմ անհայտ «Սարայաթ Աիշա» սուննիական ահաբեկչական կազմակերպությունը: