19 օգոստոսի 2013 - 17:38 AMT
Վաղը ցուցմունք կտա Էդմոնդ Խուդյանի ընկերության սնանկացման մասնակիցներից Էդուարդ Եսայանը

Հայաստանում միլինավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ից տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ: Լուսինե Գյուլխասյանը իր բնակարանի գործով դատավարությամբ վերջին նիստին էր միջնորդել վկայության հրավիրել նաև գործարար Էդմոնդ Խուդյանին: Վերջինս օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում էր ինչպես տուժած գնորդի հետ հանդիպելու, այնպես էլ այս պահին ՊԵԿ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ նորություն ստանալու և փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ հետագա անելիքները ճշտելու համար:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի գործարարի ներդրումներով կառուցված շենքից բնակարան գնած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատական նիստում պարզվեց, որ դատահոգեբուժական շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային: Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում: Նախատեսված է, որ վաղվա դատական նիստում դատարանում վերջապես ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը և կտա այն իրական անձանց անունները, ովքեր կանգնած են ինչպես այս, այնպես նաև մյուս տուժած քաղաքացիների բնակարանների թալանի ետևում: Դատական նիստը նշանակված է վաղը՝ ժամը 16.00-ին: