20 օգոստոսի 2013 - 18:17 AMT
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Հակոբ Ինջիղուլյանին

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ:

Ադրբեջանական Apa լրատվական գործակալությանն այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլեխա Հուսեյնովան: Նրա խոսքով այցելությունը տեղի է ունեցել այսօր: Գերուն տեղեկություն է փոխանցվել նրա ընտանիքի մասին և հակառակը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ստացել են Հակոբի նամակը: «Շատ կարճ, մի քանի տող էր: Բարևել է, գրել, որ լավ է, ամեն ինչ նորմալ է, քնելու տեղ ունի: Վերջում էլ գրել է «ձեր սիրելի Հակոբ»: Ձեռագիրն իրենն էր: Մենք էլ իրեն գրել էինք, որ լավ ենք ու իրեն ենք սպասում», - ասաց նա: