Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Վիլբեֆորսե Շիխեպոյի հետ մենամարտից առաջ բաց մարզում է անցկացրել:
Նա հայտարարել է, որ եթե այդ մենամարտում պարտություն կրի, ապա այլևս ռինգ դուրս չի գա:
«Եվս մեկ պարտությունն ինձ համար աղետալի կլինի: Այդ դեպքում ես կհեռանամ բռնցքամարտից: Սա շատ դժվար կլինի ինձ համար, սակայն ես այդպիսի որոշում եմ կայացրել: Պետք է խոստովանեմ, որ դժվար է գիտակցել, որ այլևս բարձր կարգի բռնցքամարտիկ չեմ»,- ասել է Աբրահամը:
Սակայն բռնցքամարտիկն ընդգծել է, որ գործը դրան չի հասնի, և ինքը կհաղթի Շիխեպոյին. «Եթե ես վստահ չլինեի, չէի համաձայնվի այդ մենամարտին: Ուղղակի ռինգ դուրս գալն Արթուր Աբրահամի համար չէ»: Աբրահամ- Շիխեպո մենամարտը կկայանա օգոստոսի 24-ին: