21 օգոստոսի 2013 - 13:34 AMT
Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը նորից թեժացել է

Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը նորից թեժացել է: Այսօր այստեղ դարձյալ վերսկսվել է շինարարությունը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտասի 5-ի բակից: «Շինարարությունը անօրինական է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

«Մեկ տարի է անցել այն պահից, երբ ներկայացվեցին 40-ից ավելի ապօրինի կառուցապատումների փաստեր: Դրանցից ամենաաղաղակողը Խանջյան 28-ի փլուզված ապօրինի կառույցն է, որը մինչ օրս նույն վիճակում է, մեղավորները չեն հայտնաբերվել: Ոչ միայն Տարոն Մարգարյանը չի լուծել այդ 40 հարցերից որևէ մեկը, այլև Երևանի թեժ կետերը շատացել են:

Քաղաքապետարանի բոլոր հանձնաժողովները և կառույցները ձևական են, մեծ ռեկլամային ակցիաները նպատակ ունեն քողարկելու համայնքային միջոցների խոշորամասշտաբ թալանը և ապաշնորհ կառավարումը: Այս վիճակը կշարունակվի, քանի դեռ մեկ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել և չի հեռացվել»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: