15 հունվարի 2003 - 22:34 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերն այսօր Բեռլինում քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հայ- թուրքական հարաբերությունների հեռանկարները Թուրքիայի Եվրամիության կազմում ընդգրկվելու համատեքստում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանդիպման ընթացքում Քոչարյանն ու Ֆիշերը քննարկել են նաեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական բնագավառներում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Գերմանիայի ղեկավարին, դաշնային կանցլերին եւ Բունդեսթագի նախագահին: