22 օգոստոսի 2013 - 12:55 AMT
«Վերջ իշխանական դալտոնիզմին». Ուսանողները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ

«Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ ու անօրինական որոշումը», «Վերջ իշխանական դալտոնիզմին», «Մենք էշ չենք» գրություններով պաստառներով ուսանողներն այսօր կառավարության շենքի դիմաց ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացրեցին: Ուսանողները պահանջում են չեղյալ համարել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

Կառավարության նիստից առաջ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ուսանողներին առաջարկեց հանդիպել նախարարությունում և քննարկել հարցը. «Դուք մի անգամ եկել եք ու չեք ցանկացել ինձ հետ հանդիպել, բայց ես կրկին պատրաստ եմ ձեզ հետ հանդիպել»: Ուսանողները երթով գնացին ԵՊՀ` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու:

Ավելացնենք, որ ԿԳ նախարարը բազմիցս հայտարարել է, որ ուսման վարձերի թանկացման որոշումը կայացվել է բուհերի կողմից. «Պետք է նշել, որ մենք երկար տարիներ փորձել ենք զսպել վարձավճարների բարձրացումը` բուհերին խնդրելով նման որոշումներ չկայացնել»: Միաժամանակ նախարարը վստահեցնում է, որ պետությունը պարտավորություն է ստանձնում լավ սովորող ուսանողների համար ստեղծել հնարավորինս ճկուն և արդյունավետ սոցիալական փաթեթ: