ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր բուհերի ուսանողական խորհրդների անդամների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ վարձավճարների բարձրացումն ուղղված չէ ուսանողների դեմ: «Ուսանողների վրա ավելի մեծ գումար կծախսվի, քան նրանց վարձավճարն է»,- ասացԱրմեն Աշոտյանը:
Ըստ նախարարի, ոչ մի ուսանող չի հեռացվի բուհից վարձավճարը չմուծելու համար. նման ուսանողների համար զեղչերի համակարգ կգործի: Արմեն Աշոտյանը հավելեց նաև, որ օրինագիծ է նախապատրաստվել, ըստ որի ընտանիքների որոշ շերտեր 20-50 տոկոս զեղջի իրավունք կստանան:
«Սեպտեմբերի 1-ից այն ուսանողների համար, որոնք անապահով ընտանիքներից են և ընդգրկված են «Փարոս» համակարգում, պետությունը նախատեսել է 50-100 տոկոս զեղչ»,- ասաց Աշոտյանը:
Նա նաև նկատեց, որ վարձավճարների բարձրացումից հնարավոր չէր խուսափել: Ըստ Աշոտյանի, դա թույլ կտա բարձրացնել ուսման որակը Հայաստանում, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ոչ միայն կստանան զեղչեր, այլև պահանջված ու մրցունակ կլինեն:
Հարցին, թե ինչ փոփոխություններ են ակնկալվում առաջիկայում, Աշոտյանն պատասխանեց, որ շուտով նախատեսվում է ուսանողական ավան կառուցել, որը ուսանողներին հուզող մեկ այլ խնդիր կլուծի՝ ուսանողական հանրակացարանների խնդիրը: