26 օգոստոսի 2013 - 17:33 AMT
Բարեկարգվում է Արցախի «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի տարածքը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի շինհրապարակ և ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Երկրի ղեկավարը կարևորել է ազգային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման անհրաժեշտությունը` նշելով, որ հուշարձանի բարեկարգ ու հարմարավետ տարածքը ժամանցի լավ վայր կհանդիսանա ինչպես մեր բնակչության, այնպես էլ Ստեփանակերտ ժամանող հյուրերի ու զբոսաշրջիկների համար:

Սահակյանը նաև համապատասխան հանձնարարականներ է տվել բարեկարգման աշխատանքների եզրափակիչ փուլը պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու ուղղությամբ` պահպանելով նշված ժամկետներն ու բարձր որակը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: