26 օգոստոսի 2013 - 18:05 AMT
Երևանում ևս մեկ շախմատի դպրոց բացվեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության արդյունքում շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում. «Մինչ այս վարչական շրջաններում գործել են շախմատի խմբակներ:

Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին, նախաձեռնեցիք այս ծրագրի իրականացումը, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ: Արդեն երկու վարչական շրջաններում ունենք նման կրթօջախներ և երրորդն էլ կլինի Աջափնյակինը, որտեղ այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Այն մինչև տարեվերջ կհանձնվի շահագործման»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Մայրաքաղաքում հիմնվող շախմատի դպրոցները կգործեն անվճար: