18 մարտի 2006 - 15:17 AMT
ԵԽ-ն 600 հազար եվրո կտրամադրի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումների համար
Մարտի 9-ին տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Eurimages հիմնադրամի նիստի ժամանակ որոշում է կայացվել 600.000 եվրո հատկացնել իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության դեպքերին: Հիմնադրամի ժյուրիի բոլոր անդամները, բացի Թուրքիայից, ֆինանսական հատկացման կողմ են հանդես եկել: Հիմնադրամին անդամակցում է 32 պետություն: Ֆիլմի վերաբերյալ հնչեցված իր ելույթում Eurimages-ի ֆրանսիացի նախագահ Ժակ Տուբոնը վճռականորեն պաշտպանել է ընդունված որոշումը եւ մեղադրել է Թուրքիային ցեղասպանություն իրականացնելու փաստի համար` անվանելով դա պատմական իրողություն: Հակառակ Eurimages-ում Թուրքիայի ներկայացուցիչների ժխտողական դիրքի եւ պաշտոնական Անկարայի կողմից գործադրած ջանքերի, ժյուրիի անդամների կարծիքը մնացել է անփոփոխ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: