27 օգոստոսի 2013 - 13:44 AMT
Աննա Չապմանն անցանկալի անձ է հայտարարվել Ադրբեջանում

Ադրբեջանի ԱԳՆ-ն ապօրինի է համարել մի խումբ ռուս լրագրողների այցը ԼՂՀ: Այդ մասին գրում է 1news.az-ը: «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելությունների» հարցում և անձինք, որոնք նման այցեր են կատարում, անցանկալի անձ կհամարվեն մեր երկրում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ղարաբաղ են ժամանել մի խումբ ռուսաստանցի լրագրողներ ու հասարակական գործիչներ, այդ թվում նաև ռուսական հետախուզության նախկին աշխատակից Աննա Չապմանը, որն այժմ հեռուստահաղորդավար է: Խմբի կազմում են նաև ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են ասել խմբի անդամները, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները ծիծաղից բացի այլ զգացողություն չեն առաջացնում: «Դա նույնիսկ գավառամտություն չէ, դա ավելի վատ է»,-ասել են նրանք: