29 օգոստոսի 2013 - 09:49 AMT
Ոստիկանության նախկին աշխատակիցը վաշխառությամբ է զբաղվել

Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ս.Հ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերջինիս ծանոթ, ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Հովիկ Հովհաննիսյանը 1998-ի փետրվարին Ս.Հ.-ին փոխառությամբ տվել է 5000 ԱՄՆ դոլար` 6 ամսիս ժամկետով, ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, իսկ որպես գումարը վերադարձնելու երաշխիք` ձևական առքուվաճառքի պայմանագրով Ս.Հ.-ին պատկանող Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող բնակարանը գրանցել է կնոջ անունով:

1998-1999 թվականներին Ս.Հ.-ն ոստիկանության նախկին աշխատակցին ամբողջությամբ վերադարձրել է փոխառությամբ վերցրած 5 000 ԱՄՆ դոլարը և վճարել 2100 ԱՄՆ դոլար տոկոսագումար` պարտք մնալով 400 ԱՄՆ դոլար: Այդ գումարը ստանալու նպատակով Հովիկ Հովհաննիսյանը իր կնոջ անունով գրանցած Ս.Հ.-ի բնակարանը 2013 թվականի փետրվարին գրավադրել է բանկում և ստացած 10 000 ԱՄՆ դոլարը` որպես իր կողմից պարտք տված գումարի ` 400 ԱՄՆ դոլարի չվճարած տոկոս, վերցրել է իրեն, իսկ վարկի մարումը պարտադրել Ս.Հ.-ին` վերջինիս գցելով նյութական ծանր կացության մեջ:

Հատուկ քննչական ծառայությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը շարունակվում է: