29 օգոստոսի 2013 - 14:11 AMT
80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի հաշվետվությունը: Մարզպետն իր խոսքում որպես խնդիր կարևորել է մարզի դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի համալրման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման օրինականությունն ու թափանցիկությունը: Իր ելույթում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ոլորտի հիմնական խնդիրներին ու կրթական բարեփոխումներով պայմանավորված պահանջներին:

Նախարարի խոսքով միշտ չէ, որ ուսուցիչները պատրաստ են ընդունել նման պատասխանատվություն՝ շատ դեպքերում նախընտրելով մնալ դիտորդի դերում: Մասնավորապես նախորդ տարի ՀՀ ԿԳՆ-ի կողմից փոխվել է դասագրքերի հրատարակման կարգը. դրանք նախապես փարձարկվում են և ուղարկվում դպրոցներ՝ մասնագիտական գնահատական ստանալու նպատակով:

«Նախորդ տարվա ընթացքում հանրապետության 90 դպրոցներից, այդ թվում նաև Կոտայքի մի շարք դպրոցներից, ԿԳՆ-ն ստացել է ձևական պատասխաններ»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ հետագայում, երբ դասագրքերը դպրոց են մտնում, որակի հետ կապված սովորաբար դժգոհություններ լինում են:

Նախարարը նշել է, որ ոլորտի հիմնական խնդիրներից մեկը մանկավարժական կադրերի անհամաչափ բաշխվածությունն ու գերբեռնվածությունն է, ինչը որպես կանոն բացասական է անդրադառնում նաև կրթության որակի վրա: Միջազգային կառույցների կողմից իրականացված հետազոտության արդյունքներով 80 երկրների շարքում Հայաստանի ուսուցչական համակազմը ամենատարեցն է աշխարհում: