29 օգոստոսի 2013 - 18:10 AMT
ԿԱՐԾԻՔ
Օբամայի երկընտրանքը. Ռմբակոծել թե չռմբակոծել

Եթե Արևմուտքի երկրները ևս երկու օր համբերեն, արդեն հնարավոր կլինի ասել, որ «երրորդ համաշխարհայինը» կսկսվի այն նույն օրը, ինչ Երկրոդ համաշխարհային պատերազմը, որը 60-65 մլն մարդու կյանք խլեց, որից 27 մլն զոհվեց ռազմաճակատներում: Թե որքան մարդ կզոհվի, եթե Օբաման հրամայի ռմբակոծել Սիրիան, չգիտի ոչ ոք, բայց հաշիվը հաստատ միլիոններով կգնա: Գուցե դա է հետ պահում Բարաք Օբամային որոշում կայացնելուց՝ ռմբակոծել թե չռմբակոծել:

Հազիվ թե ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան չեն պատկերացնում, թե որքան զոհեր կարող են լինել խաղաղ բնակչության շրջանում, որը դարձել է ԱՄՆ-ի, որոշ չափով նաև Թուրքիայի, նոր կայսերական հավակնությունների պատանդը: Այո-այո, հենց Թուրքիայի, քանի որ ամենից շատ Ասադի պաշտոնանկությունը հարկավոր է Անկարային: Անկարան ևս չի հասկանում, որ սիրիական քաոսը առաջին հերթին Թուրքիային կհարվածի, իսկ հետո արդեն հակասիրիական կոալիցիայի մյուս անդամներին: Ֆրանսիայի նախագահն արդեն ասել է, որ ամեն ինչ պետք է «ծանրութեթև անել ու մտածել»:

Սիրիայի կառավարությունն արդեն զգուշացրել է Եվրոպայի դեմ հնարավոր հարձակման մասին՝ քիմիական զենքի կիրառմամբ: Դա կարող է տեղի ունենալ: Սիրիացի, ավելի ճիշտ, իսլամիստ գրոհայինները, որոնց ոգեշնչում է «Ալ Քայիդան», Դամասկոսին հարվածելուց հետո արդարացված եզրակացության կգան, որ իրենք ճիշտ են և կարող են անել ինչ ուզում են:

Վերադառնանք Օբամային: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,-ասել է նա: Ըստ նախագահի, հնարավոր ուժային ակցիան կարող է նախազգուշական ազդանշան լինել Ասադին քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին: «Դա կարող է դրական ազդեցություն ունենալ մեր ազգային անվտանգության վրա երկարաժակետ առումով», ասել է Օբաման՝ հավելելով, որ դա չի լուծի Սիրիայի բոլոր խնդիրները:

Սակայն, ԱՄՆ-ում ամեն ինչ այդքան հեշտ չէ. նախագահը պետք է նախապես ստանա Կոնգրեսի աջակցությունը: Օգոստոսի 28-ին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նամակ է հղել նախագահ Օբամային, որտեղ կոչ է արել նրան բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչ իրավական հիմքով կարող է որոշվել ռազմական ակցիա սկսել Սիրիայի դեմ: Կոնգրեսը կարող է և չհամաձայնվել Սիրիային պատերազմ հայտարարելուն, այն ժամանակ Սպիտակ տունը ստիպված կլինի ճնշում գործադրել ՄԱԿ ԱԽ վրա, որպեսզի վերջինս թույլ տա գործողությունը: Հավանաբար, ՌԴ-ն ու Չինաստանը վետո կդնեն, որը, սակայն, կարող է և չփրկել Սիրիային ռումբերից ու հրթիռներից:

Մինչդեռ Ռուսաստանը կհզորացնի իր ՌԾՈւ նավատորմի խմբավորումը Միջերկրական ծովում: Օգոստոսի 27-ին ՌԴ ՌԾՈւ ներկայացուցիչը հայտարարեց, որ խմբավորումը թեև որևէ մեկի հետ պատերազմելու հրահանգ չի ստացել, պատրաստ է ցանկացած գործողությունների՝ պաշտպանելու համար ՌԴ ազգային շահերը տարածաշրջանում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News