29 օգոստոսի 2013 - 20:53 AMT
Վարչապետ․ Պետք է ստեղծենք տարածք, որտեղ հայերն ու վրացիները կգործակցեն տարբեր ոլորտներում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է.

«Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կգործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի տնտեսական կապերի խորացման մեծ հնարավորություններ»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է երկկողմ փոխըմբռնում բոլոր հարցերում, ինչը հայ-վրացական եղբայրական փոխգործակցության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունից:

Վրաստանի փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Վրաստանի իշխանությունները ևս շահագրգռված են Հայաստանի հետ փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման, տարբեր ոլորտներում կապերն ավելի սերտացնելու գործում:

Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը և Գեորգի Կվիրիկաշվիլին քննարկել են տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մաքսային բնագավառներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիաչվերթերի վերականգնմանն առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են նաև հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել մոտ ապագայում: