30 օգոստոսի 2013 - 11:03 AMT
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. «Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքները:

Միայն Էրեբունիում այս տարի շուրջ 50 մեծ և փոքր բակերում իրականացվել և իրականացվում են տարածքների բարեկարգման, խաղահրապարակների ու մարզական գույքով կահավորման աշխատանքներ: Առաջիկայում հերթական բարեկարգ բակերի բացումներ կունենանք նաև Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հուսով եմ, որ մինչև նոյեմբերի սկիզբ այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտենք: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում մի քանի տարիների ընթացքում Երևանում անբարեկարգ բակեր այլևս չենք ունենա»,- ընդգծել է քաղաքապետը:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Վարդաշեն և Մուշական թաղամասեր, որտեղ ևս մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով իրականացվել են համալիր աշխատանքներ: