30 օգոստոսի 2013 - 18:47 AMT
ԿԱՐԾԻՔ
Քամելեոնները սիրիական հարցում. Ինչպես Էրդողանը մեկ օրում փոխեց «գունավորումը»

Քաղաքական գործիչները, հատկապես իշխանության մեջ, ապշեցուցիչ հատկություն ունեն. ելենլով իրավիճակից, արմատապես փոխում են իրենց դիրքորոշումն ու կարծիքը: Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ կապված իրավիճակը բացառություն չդարձավ:

Դեռ երեկ բոլորին մտահոգում էր այն հարցը, թե երբ է Արևմուտքը ռազմական գործողություն սկսելու Սիրիայում: Լինել թե չլինել գործողությանը հարցը կարծես լուծված էր համարվում: Սակայն, քիչ-քիչ «Սիրիայի դեմ հարվածի» ջատագովների շարքերը նոսրացան: Սկզբում այդ գաղափարից հրաժարվեց Մեծ Բրիտանիան, հետո Գերմանիան: Դեռ համառում է ԱՄՆ-ն, ավելի ճիշտ Օբամայի վարչակազմը, քանի որ ամերիկյան ժողովուրդը պատերազմ չի ցանկանում: Եվ Ֆրանսիան դեռ տատանվում է:

Բայց այստեղ խոսքը Թուրքիայի մասին է: Գրեթե ամեն մի կռվում կան մանր սադրիչներ, որոնք սադրում են կողմերին, իսկ ամենավճռական պահին, երբ գործն արդեն հասնում է կռվին, սուս ու փուս « պոչները քաշում են»: Հենց այդպիսի դերում հանդես եկավ Թուրքիան ի դեմս Էրդողանի: Հեցն հակամարտության սկզբից նա հանդես էլ գալիս «հակաասադյան հայտարարություններով», անվանում էր նրան բռնակալ ու հալածիչ, ասում էր, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Ավելի ուշ Էրդողանը հրահրոմ էր Օբամային թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիայի օդային տարածքում՝ չստացվեց, հորդորում էր Օբամային ստիպել Ասադին, որ նա դադարեցնի ընդդիմադիր զինյալների հետապնդումը: Հետո եկան քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները: Հետո թուրքական բանակը ներխուժեց Սիրիա, սակայն քրդական ջոկատները արագ նրանց դեմն առան: Հետո Էրդողանը սպառնում էր ռմբակոծել Սիրիան: Վերջին օրերին թուրք վարչապետը անընդհատ հրահրում էր արևմտյան երկրներին ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ:

Իսկ այսօր պարզվեց, որ «հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայի դեմ նպատակ չունի տապալելու Ասադին, այլ միայն թուլացնելու նրա ռազմական ուժերը»: Այդ մասին Էրդողանն ասել է նախարարների հետ հանդիպմանը, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան չի մասնակցի օդային ռազմական գործողություններին Սիրիայի դեմ:

Ի՞նչ փոխվեց մեկ օրում: Չի բացառվում, որ Էրդողանը գիտակցեց, որ Սիրիայի դեմ գործողությունը անպատասխան չի մնա և տրամաբանական է, որ առաջին հարավածը կստանա հենց հարևան Թուրքիան:

Ոմանք կարծում են, որ պատճառը քրդական հարցն է, որ նրանց պայքարը անկախության համար կարող է ուժգնանալ և միավորել Սիրիայի, Իրանի ու Թուրքիայի քրդերին, որտեղ նրանց թիվը հասնում է 25 մլն:

Հավանաբար, բոլոր այս պատճառները ստիպեցին Էրդողանին նահանջել, բայց հազիվ թե Ասադը այդքան կարճ հիշողություն ունենա և, եթե գործը հասնի պատասխան հարվածներին, մոռանա ժամանակին «փախուստի դիմած» Թուրքիայի մասին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News