4 սեպտեմբերի 2013 - 12:35 AMT
Անդրեյ Արեշև. Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բխում է ՌԴ և ՀՀ շահերից

Մաքսային միության հետ Հայաստանի հետագա մերձեցման մասին որոշումը, որի մասին հայտարարվեց Ռուսաստանի և Հայաստանի նախագահների Մոսկվայում կայացած հանդիպմանը, բխում է երկու պետությունների երկարաժամկետ շահերից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, դիրքորոշումների փոխադարձ համաձայնեցման կոնկրետ ժամկետների մասին դեռ բավականին բարդ է խոսել, սակայն քաղաքական որոշումը կայացվել է, ինչն, անկասկած, կարևոր է:

«Հայաստանի փոխլրացման արտաքին քաղաքական կուրսը ենթադրում է փոխգործակցության տարբեր ուղղությունների փոխադարձ լրացում «և-և« սկզբունքով, սակայն, նման մոտեցումը ի սկզբանե հարուցում էր Երևանի եվրոպական գործընկերների և ընդհանրապես ներկայիս այսպես կոչված «եվրաինտեգրումը» որպես երկրի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ու հայ-ռուսական հարաբերությունների խարխլման լծակ օգտագործելու միտում ունեցող ուժերի առարկությունները»,-ասել է Արեշևը: Նա հիշեցրել է, որ Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, այն դեպքում, երբ Եվրամիությունը ավելի շատ սահմանափակվում է բարոյական քարոզներով ու նոր սոցիալական արժեքներ ներդնելու փորձերով, ինչը հայ հանրության համար հազիվ թե կարող է գրավիչ լինել: «Չմոռանանք Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին ՀԱՊԿ շրջանակներում, ռուսական շուկայի մասին, որն ավանդական է հայկական գյուղմթերքի համար, արտագնա աշխատանքի ՌԴ մեկնած հայերի դրամական փոխանցումների մասին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում տնտեսական համագործակցության ոլորտում ծագող հարցերը շատ արագ կարող են լուծվել: Թեև, հազիվ թե արևմտամետ շրջանակները Երևանում խուճապի մատնվելու ծանրակշիռ պատճառներ ունեն՝ Հայաստանի հարաբերություններին ԵՄ երկրների հետ (օրինակ, հայկական լեռնահանքային հումքի արտահանմանը եվրոպական շուկա) ոչինչ չի սպառնում»,- ասաց ռուս փորձագետը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: