6 սեպտեմբերի 2013 - 16:29 AMT
Ա. Ցինկեր. ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությունը լուրջ քաղաքական քայլ է

Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելուն Հայաստանի համաձայնությունը լուրջ քաղաքական քայլ է, հատկապես հաշվի առնելով այն, որ Երևանը վաղուց փոխլրացման քաղաքականություն է վարում և ջանում է պահպանել «և-և» սկզբունքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը (Թել Ավիվ): Ըստ նրա, եթե վերլուծենք քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում և նրա սահմանների մոտ, ապա միանգամայն հավանական է, որ մարտավարական, իսկ գուցե նաև ռազմավարական խնդիրների լուծման տեսակետից, Հայաստանի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին, շատ հետաքրքրական կարող է լինել:

«Եթե մտորենք այն քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, որում գտնվում է Հայաստանը, հավելելով նաև չլուծված ղարաբաղյան խնդիրը, ապա այդ քայլն, ըստ իս, միանգամայն կանխատեսելի է»,-ասել է Ցինկերը: Նա նաև նշել է, որ այս որոշման կայացման վրա, հավանաբար, ազդել է համագործակցությունը Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում և Հայաստանի շահագրգռվածությունը Ռուսաստանից ստացվող գազի սակագների պահպանման հարցում, որոնք ամենացածրերից մեկն են ԱՊՀ-ում: «Լիակատար եվրաինտեգրման դեպքում Հայաստանը ստիպված կլինի գազի դիմաց վճարել եվրոպական գներով, որոնք 2-2,5 անգամ թանկ են այսօրվա գնից»,-ասել է նա:

Կայացված որոշման կարևոր քաղաքական բաղադրիչ է քաղաքագետը համարում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: «Եթե ՀԱՊԿ-ում ու ՆԱՏՕ-ում միաժամանակ լինել անհնար է, ապա ՄՄ և ԵՄ հետ զուգահեռ համագործակցության միջև ուղիներ որոնելը միանգամայն թույլատրելի է»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը՝ հավելելով, որ և Սերժ Սարգսյանն ասաց, որ մտադիր չէ դադարեցնել աշխատանքը ԵՄ կառույցների հետ, և ԵՄ ներկայացուցիչները, ուշքի գալով սկզբնական շոկից, արդեն մտածում են Հայաստանի հետ համագործակցության նոր ձևեր գտնելու մասին:

«Հայաստանը փորձում է պահպանել զարգացման հնարավոր բոլոր ուղղությունները: Ցանկացած երկիր պետք է կարողանա ընկերություն անել աշխարհաքաղաքական տերությունների հետ՝ միևնույն ժամանակ, չմոռանալով սեփական շահերը: Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի մտադրությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ստիպված, բայց միանգամայն բնական քայլ է, ճիշտ է ներկայացման ձևն էր անսպասելի: Առաջ չանցնենք, քանի որ Հայաստանի եվրասիական կամ եվրոպական ինտեգրման ճանապարհին դեռ բազմիցս կարող ենք տեսնել այն փոխլրացման քաղաքականության նշանները, որին արդեն բոլորն ընտելացել են: Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, որոշումներ կկայացնի խնդրիների առաջացմանը համընթաց: Մի խնդիր Երևանն արդեն լուծեց սեպտեմբերին Մոսկվայում, տեսնենք, ինչպես կստացվի լուծել հաջորդը՝ նոյեմբերին, Վիլնյուսում»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: