23 մարտի 2006 - 14:28 AMT
Թուրքիայի դեսպանը հուսով է, որ Բաքուն չի հրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ հարաբերություններից
Ադրբեջանին ոչ ոք չի կարող արգելել մշակութային եւ տնտեսական կապեր հաստատել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքիայի Հանրապետության հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: «Ես չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն կհրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ կապերը զարգացնելուց»,- ընդգծել է Մորալին:

Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը հանգել է եզրակացության, որ մինչ այժմ կարգավորված չէ անցյալ տարվա հունիսի 27-ին կազմակերպված Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն իրակացված ավիաչվերթից հետո ստեղծված խնդիրը: Ինչպես հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Բաքվի ներկայացուցիչ Վուգար Գոջաեւը, «Կիպրոսի կառավարությունը անհանգստացած է ԵՄ-Ադրբեջան Գործողությունների ծրագրի հաստատումով եւ պաշտոնական Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության(ՀԿԹՀ) ճանաչմամբ»: «Այդ պատճառով նրանք Ադրբեջանի առջեւ պայման են դրել, որ պաշտոնական Բաքուն գրավոր կերպով պետք է հաստատի, որ երբեւէ չի ճանաչի ՀԿԹՀ անկախությունը եւ ավիաչվերթեր չի իրականացնի այդ տարածք»,- հայտարարել է Վուգար Գոջաեւը: