12 սեպտեմբերի 2013 - 12:03 AMT
Ֆյուլեն վերջակե՞տ դրեց վիճահարույց հարցում. ՄՄ-ն և ԵՄ հետ Ազատ առևտրի գոտին անհամատեղելի են

ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հանդես գալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ անդամակցությունը Մաքսային միությանը (ՄՄ) անհամատեղելի է ԵՄ Ազատ առևտրի գոտու հետ, որի շուրջ վերջերս բանակցություններ էին ընթանում Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ:

Ըստ նրա, «հարցն այստեղ գաղափարական տարաձայնությունները չեն, դա տնտեսական դաշինքների բախման կամ գոյատևման խաղ չէ: Դա միայն իրավաբանական անհամատեղելիություն է. օրինակ, դուք չեք կարող միաժամանակ նվազեցնել ձեր մաքսային սակագները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շրջանակներում և բարձրացնել դրանք ՄՄ շրջանակներում»,- հայտնում է «Ռոսինֆոնետը»:

Ինչպես ասել է ԵՄ հանձնակատարը, առավելություններ ստանալու համար Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումից, գործընկեր երկրները պետք է ազատ լինեն իրենց առևտրային քաղաքականության մեջ, ինչն անհնար է դառնում ՄՄ շրջանակներում:

Միևնույն ժամանակ, Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ Ասոցացման մասին համաձայնագիրն ու Առևտրի ազատ գոտու ձևավորումը համատեղելի են դիտորդի կարգավիճակի հետ ՄՄ-ում:

Նախօրեին Եվրամիության ղեկավարները դատապարտեցին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ: «Մենք չենք ընդունում այդ երկրների ինքնիշխան ընտրությունը սահմանափակելու փորձերը: Չենք կարող մեջքով շրջվել դրան»,- չորեքշաբթիհայտարարել էր Եվրամիության ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

Քննարկումը Եվրախորհրդարանում նախաձեռնել էր Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ, ԵԺԿ փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, «վերջին իրադարձություններն, ինչպես օրինակ Հայաստանի հայտարարությունը ՄՄ-ին միանալու վերաբերյալ, Վրաստանի վարչապետի հայտարարությունը, որ Վրաստանը կարող է քննարկել այդպիսի միավորման հնարավորությունը, ինչպես նաև ատևտրային պատերազմն Ուկրաինայի հետ ու Մոլդովային ուղղված սպառնալինքերը, լկտի փորձ են հարցականի տակ դնելու Արևելյան գործընկերության նախագիծը»:

«Հայաստանի հանդեպ ճնշման մասին հայտնի էր, այդ իմաստով դա զարմանալի չէ: Բայց այն փաստը, որ ճնշումը հաջողությամբ պսակվեց և Հայաստանին պարտադրեցին փոխել որոշումը, զարմացնում է, և մենք խորապես ափսոսում ենք այդ մասին»,- ասել էր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել էր, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզել է բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- ասել էր Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: