23 մարտի 2006 - 19:36 AMT
«Հնչակյան» կուսակցությունը մտադիր է վերադառնալ Հայաստան
Սոցիալ-ժողովրդավարական «Հնչակյան» կուսակցությունը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է «Հնչակյան» կուսակցության անդամ Մացակ Փոլադյանը Հայաստանի ԱԺ խոսնակ Ա.Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մ.Փոլադյանը ներկայացրել է կուսակցության համագումարի արդյունքները: «Մեր կուսակցությունը, որը ստորաբաժանումներ ունի աշխարհի 14 երկրներում, միասնական որոշում է կայացրել` փոխել ռազմավարությունը եւ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան, հիմնական գործունեությունը ծավալելով հայրենիքում»,-հայտարարել է Մ.Փոլադյանը: Նրա խոսքերով, իր ներդրումն ունենալու համար լոբբիստական գործունեության մեջ, կուսակցությունը մտադիր է գրասենյակներ բացել եվրոպական երկրներում, մասնավորապես, Բրյուսելում: Ա.Բաղդասարյանը ողջունեց կուսակցության վերադարձը հայրենիք:
Հիշեցնենք, որ Սոցիալ-ժողովրդավարական «Հնչակյան» կուսակցությունը առաջին քաղաքական կուսակցությունն է եղել Հայաստանի պատմության մեջ եւ հիմնադրվել է 1887 թվականին: