16 սեպտեմբերի 2013 - 16:27 AMT
Փորձագետներ. Հայաստանն օգնեց Ուկրաինային էլ ավելի մերձենալ Եվրամիությանը

Եվրամիությունը, մտահոգ լինելով ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությամբ, զիջումների կգնա Ուկրաինային Ասոցացման մասին համաձայնագրի հարցում: Այդ մասին վերլուծական տեսության մեջ գրում է Eavex Capital ներդրումային ընկերությունը:

«ԵՄ-ն, կարծես, մտահոգված է Արևելյան գործընկերությունից դուրս գալու Հայաստանի անսպասելի որոշմամբ՝ Մաքսային միությանը միանալու նպատակով: Ուկրաինան Արևելյան գործընկերության ամենակարևոր երկիրն է, ուստի, ԵՄ երեկվա հայտարարությունը պետք է դիտարկել որպես ակնհայտ աջակցություն Ուկրաինային՝ նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման և Ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հարցում»,-գտնում են նրանք, հայտնում է ForUm-ը:

Վերլուծաբանները նշում են, որ Ուկրաինային այդ ճանապարհին կարող է սատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

«Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուն ավելի վաղ մատնանշել էր Ուկրաինայի եվրոպական ձգտումները՝ շեշտադրելով դրանք որպես առաջնային: Մենք ընկալում ենք դա որպես ազդանշան, որ նոյեմբերին հաջողությամբ համաձայնագիրը ստորագրելու շանսերն աճում են»,-ամփոփել են Eavex Capital-ում:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Վիլնյուսում Հայաստասնի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: «Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման մասին համաձայնագրի մաս է կազմում: Դա միասնական փաստաթուղթ է, և մեկը մյուսից հնարավոր չէ անջատել»,-ասաց Ֆյուլեն: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԵՄ հետ Հայաստանի համագործակցության նոր ձևաչափ նախատեսող մեկ այլ փաստաթուղթ նախապատրաստվել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը՝ Ֆյուլեն ասաց, որ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ պատրաստել մինչև նոյեմբեր: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Երևանը միտված է ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, որոնք չեն հակասի Մաքսային միությանը:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին Մոսկվայի ճնշումը, որը, նրանց կարծիքով, գործադրվում է Ուկրաինայի ու ԵՄ հետ առևտրային կապերն ընդլայնել փորձող մյուս երկրների հանդեպ: