24 մարտի 2006 - 15:34 AMT
Կոսովոյի անկախության ընդունումը իրենից նախադեպ կներկայացնի, որից դժվար կլինի խույս տալ
Կոսովոյի հակամարտության կարգավորման բանակցությունները Լեռնային Ղարաբաղի համար անխտիր հետաքրքրություն են ներկայացնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, վերջին իրադրություններից եւ զարգացման տենդենցներից երեւում է, որ միջազգային հանրությունը` ի դեմս արերմտյան երկրների, հակված է Կոսովոյի նակախության ճանաչմանը: «Այդ իրադարձությունները շատ կարեւոր են, քանի որ մեծ ազդեցություն կարող են ունենալ հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունների զարգացման վրա: Կոսովոյի անկախության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ չճանաչված միավորումների համար իրենից նախադեպ կներկայացնի, որից միջազգային հանրությանը դժվար կլինի խույս տալ»,- ասել է Գրիգորյանը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում իրադրությունը ավելի թափանցիկ է, քանի որ ազգերի ինքնոշման սկզբունքով նկատի է առնվում հանրաքվեի անցկացում: «Քանի որ ԼՂՀ-ում դեռ մինչ հակամարտությունը հայերը կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը, ապա Լեռնային Ղարաբաղի բոլոր ընտրությունները եւ հանրաքվեները, օրինական են»,- ընդգծել է նա: