17 սեպտեմբերի 2013 - 17:32 AMT
ԿԱՐԾԻՔ
Ինչո՞ւ է Բաքուն «առիթավորվել» ու «ձայն է բարձրացնում» միջազգային հանրության վրա

Բաքվից պարբերաբար հնչող հայտարարություններն ամեն անգամ հաստատում են այն, ինչը, մեծ հաշվով, ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ Ադրբեջանը մտադիր չէ նույնիսկ չնչին ջանք գործադրել ղարաբաղյան կարգավորման համար: Դրա հերթական ապացույցն է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուի վերջին հայտարարությունը: Նա շատ յուրօրինակ կերպով է մեկնաբանել միջազգային կազմակերպությունների պահանջը դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու վերաբերյալ: «Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են դա անել: Մենք հետ չենք տանի դիպուկահարներին մինչև պատերազմի ավարտը»,- ասել է նա:

Դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու պահանջով պարբերաբար հանդես են գալիս կարգավորման մեջ շահագրգիռ կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ-ն, ինչպես կազմակերպության, այնպես էլ Մինսկի խմբի մակարդակով: Նման պահանջ են ներկայացնում նաև համանախագահներն ու ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահները:

Այդ պահանջի համար հիմք են հանդիսացել ադրբեջանական կողմի պաբերական սադրանքները: Սադրանքներ, որոնք, ցավոք սրտի, երբեմն կորուստների պատճառ են դառնում ինչպես Հայաստանի ու Արցախի ԶՈւ շարքերում, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում:

Ստացվում է, որ ադրբեջանական ղեկավարությունն ուղղակի թքած ունի համաշխարհային տերությունների պահանջների վրա: Կարելի է ակնկալել, որ այդ նույն տերությունները, ինչպես դա արդեն բազմիցս եղել է, լուռ կմարսեն դա:

Ադրբեջանը տարիներ շարունակ անպատիժ է մնում՝ խոչընդոտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, անտեսելով նույն Մինսկի խմբի այս և այլ կոչերն ու առաջարկները, օրինակ՝ հրադադարի ռեժիմի պահպանման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման վերաբերյալ: Ադրբեջանը մշտապես ձախողում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, Ղարաբաղին ու Հայաստանին սպառնում պատերազմով, անասելի չափերի զենք ու զինամթերք գնում ու արտադրում՝ խախտելով բոլոր միջազգային նորմերն ու քվոտաները և այլն, և այլն:

Բնականաբար, նման ամենաթող անպատժելիությունն ազդում է չափի զգացողության վրա, և Բաքուն այս անգամ որոշել է նույնիսկ չձևացնել, թե պատրաստ է հանգուցալուծել հակամարտությունը, այլ նույնիսկ «ձայնն է բարձրացնում»: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ղեկավարության այդ լկտիությունը: Հնարավոր է, առաջիկա նախագահական ընտրություններով: Հնարավոր է, ազդել են վերջին զարգացումները, երբ Եվրոպան մի փոքր սառեց Հայաստանի հանդեպ Մաքսային միությանը միանալու վերջինիս որոշման պատճառով, և Բաքուն որոշեց օգտվել առիթից ու ցույց տալ, որ ձայնի իրավունք ունի:

Կապրենք՝ կտեսնենք. այս անգա՞մ էլ ադրբեջանական լկտիությունը կանցնի, թե գոնե հիմա տերությունները, որոնց անտեսում է Բաքուն, կորոշեն իր տեղը ցույց տալ մեծամտացած ու լկտիացած այդ հանրապետությանը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net