14 հունվարի 2003 - 19:31 AMT
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 2002 ԹՎԱԿԱՆԻՆ ԽԻՍՏ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԵՂԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ՀՔՎ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի /ՀՔՎ/ Ադրբեջանի ազգային կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլաեւան խիստ անբավարար է գնահատել մարդու իրավունքների հետ կապված իրադրությունն Ադրբեջանում 2002 թ.: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրանը», մարդու իրավունքների կոպիտ խախտումների թվում նա առաջին հերթին նշել է քաղաքական հանրահավաքների ժամանակ քաղաքացիների ձերբակալությունները: Այս ոլորտում խորհրդարանի կողմից ընդունված օրենքները միայն արտաքնապես են համապատասխանում եվրոպական չափանիշներին, իսկ իրականում նպատակաուղղված են կառավարող ընտրախավի շահերի ապահովմանը, ընդգծել է իրավապաշտպանը: Արզու Աբդուլաեւան նշել է նաեւ անկախ մամուլի նկատմամբ իշխանությունների ճնշման փաստերը: Ինչ վերաբերում է հեռուստաալիքներին, ապա բոլորը, ներառյալ նրանք, ովքեր իրենց անկախ են համարում, գտնվում են իշխանությունների ազդեցության տակ, գտնում է ՀՔՎ-ի ադրբեջանական կոմիտեի նախագահը: