19 սեպտեմբերի 2013 - 13:28 AMT
Կառավարությունն արդեն հավանություն է տվել ՄՄ-ին անդամակցելու համար առաջնահերթ միջոցառումների ցանկին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացման նախագծին:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Նա հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի ՀՀ և ՌԴ նախագահների միջև պայմանավորվածության համաձայն՝ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ Մաքսային միության հետ համագործակցելու խնդիրները քննարկելու համար. խոսքը Հայաստանի՝ ՄՄ հետ ընդհանուր սահման չունենալու մասին էր:

Կարինե Մինասյանը շեշտել էր, որ վարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն ունեցել է մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց արդյունքում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը:

Բանախոսի փոխանցմամբ` բանակցային գործընթացին պատրաստվելու համար ձևավորվել է բանակցային փաթեթ, որի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կիրականացնեն վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային յոթ խմբեր, գրում է «Այսօր»-ը:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել էր, որ Հայաստանը մինչև 2015 թվականը պետք է անցնի Մաքսային միությանն անդամակցելու բոլոր փուլերը, դառնա այդ միավորման լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցի Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ըստ Սլեպնյովի, «Հայաստանի լիիրավ մասնակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական տնտեսության վերականգնմանը, որն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակում չէ»:

Անդրադառնալով ՄՄ-ին միանալու ժամկետներին՝ նախարարը նշել էր, որ «պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համահիմնադիրը: Ուստի, մոտ 1,5 տարում հարկավոր է աշխատել Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ»: Նա չի թաքցրել, որ Հայաստանը, հավանաբար, «մի շարք հարցեր կունենա, գուցե բավականին բարդ, կապված օրենսդրության ունիֆիկացիայի, միջազգային պարտավորություններին ներդաշնակեցնելու առումով»:

Սլեպնյովը նաև հայտնեց, որ շուրջ 30 պետություններ շահագրգռվածություն են հայտնել ազատ առևտրի ռեժիմ սահմանել Մաքսային միության հետ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: