19 սեպտեմբերի 2013 - 18:03 AMT
ԵՄ-ն պահանջե՞լ է Հայաստանից մաքսային սահման դնել ԼՂՀ հետ, իսկ ՄՄ-ն կօգնի ճանաչե՞լ նրա փաստացի անկախությունը

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկատվությունը, թե ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հետ մաքսային սահմանի անցկացում էր ենթադրում։ «Առանց մեկնաբանության»,- Զաքարյանի խոսքերը փոխանցում է «Նովոստի-Արմենիա»-ն։

Նա միաժամանակ բացատրել է, թե ինչու մինչ այս հրապարակված չեն ԵՄ հետ Ասոցացման և ԵՄ հետ «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրերի տեքստերը։

«Կա նման միջազգային պրակտիկա։ Բանակցային գործընթացի ընթացքում ու մինչև նախաստորագրում փաստաթղթերը չեն հրապարակվում, քանի որ բանակցությունների ընթացքում մշտապես փոփոխություններ են կատարվում, հայտնվում են նոր ձևակերպումներ, և նպատակահարմար չէ ամեն անգամ թարմացված տեսքով հասարակությանը ներկայացնել փաստաթուղթը»,– նշել է Զաքարյանը։

«Այդ փաստաթղթում կային լավ դրույթներ, որոնք բխում էին Հայաստանի շահերից, սակայն, ցավոք, կային կետեր, որոնք տեխնիկապես հակասում էին Մաքսային միությանը, և եվրոպական կողմը չի ցանկանում նախաստորագրել փաստաթուղթն այն տեսքով, որով այն համաձայնեցվել է»,– ավելացրել է պատգամավորը։

Իր հերթին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը գտնում է, որ եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կճանաչվի:

«Անհնար է պատկերացնել՝ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա Հայաստանի ու Արցախի միջև կարող էմաքսային սահման առաջանալ: Ներկայումս ՀՀ-ն ու ԼՂՀ-ն նույն մաքսային միության մեջ են, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանը գտնվելու է նույն մաքսային տարածքում ՄՄ անդամ մյուս երկրների հետ, ապա դա նշանակում է, որ ՄՄ անդամ երկրները կամ Արցախը ճանաչում են որպես միության 5-րդ անդամ, կամ էլ Հայաստանի ամբողջական մաս»,- պատգամավորի խոսքերն է փոխանցում Panorama-ն:

Ըստ նրա, սա է պատճառը, որ Ադրբեջանը՝ վտանգ զգալովԱրցախի դե-ֆակտո ճանաչումից, ամեն ինչ անում է ՄՄ-ին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը ձախողելու համար:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասել էր, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտել էին այն ճնշումը, որը, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: