25 մարտի 2006 - 13:20 AMT
Եթե Բաքուն պատերազմ սկսի, ապա դրա դեմ հանդես չեն գան ոչ ԵՄ-ն ոչ էլ ԱՄՆ-ն, կարծում է թուրք գեներալը
«Ես համոզված եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կհաղթի: Սակայն, մինչ այդ պետք է կարգավորել քաղաքական հարցերը: Քանի որ Ադրբեջանի թշնամի են հանդիսանում ոչ միայն հայերը»,- հայտարարել է Թուրքիայի գլոբալ ռազմավության հետազոտությունների կենտրոնի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Նեջաթ Էսլանը: Թուրք գեներալի կարծիքով, Ադրբեջանը ինքը պետք է կարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Եթե Ադրբեջանը հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի, դրան չի խանգարի ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ը: Թուրքիան պետք է պատրաստ լինի ամեն տեսակ օգնություն ցույց տալ, քանի որ Ադրբեջանը մեծ տերությունների համար կարեւոր պետություն է հանդիսանում»,- ասել է նա:

Նշենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի շարք հարցերում արդեն միասին են գործում, Ն Էսլենը հայտարարել է, որ այդ համագործակցությունը ընթացք կստանա նաեւ ռազմական բնագավառում: «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ադրբեջանին ոչինչ չի բերի, եթե նրա տարածքների մի մասը գտնվում են օկուպացիայի մեջ: Առաջին հերթին, պետք է լուծել օկուպացված տարածքների ազատագրման հարցը: Չէ՞ որ ԱՄՆ-ը վերափոխում է ՆԱՏՕ-ն` դարձնելով այն պաշտպանական դաշինք»,- նկատել է թուրք գեներալը, հաղորդում է ԱՊԱ-ն: