20 սեպտեմբերի 2013 - 14:24 AMT
ՌԴ ԴՄԾ ղեկավարը բացատրել է, թե ինչու Մոսկվայի բնակիչները չեն սիրում ներգաղթյալներին

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին պարզաբանել է, թե ինչու են մոսկվաբնակները բացասաբար վերաբերվում Միջին Ասիայից ներգաղթյալներին՝ բացատրելով դա նրանց վարքագծի առանձնահատկություններով: Այդ մասին պաշտոնյան ասել է միգրանտների խնդիրներով զբաղվող փորձագետների հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բնակչությանը նյարդայնացնում է ոչ թե այն, որ այդ մարդիկ աշխատում են, այլ այն, որ կենցաղում այլ կերպ են իրենց պահում»,- ասել է Ռոմոդանովսկին: Որպես օրինակ նա բերել է Մոսկվայի Կուզմինկի շրջանը, որտեղ, եկվորները խորոված են անում դրա համար չնախատեսված վայրերում և բացահայտ կերպով նասվայ ծխում (Ռուսաստանում արգելված ծխախոտային խառնուրդ): «Այնտեղ անհնար է դարձել շան հետ զբոսնելը»,-ասել է պաշտոնյան:

Ներգաղթյալների բացասական կերպարի ստեղծմանն, ըստ պաշտոնյաների, մեծապես նպաստում են երիտասարդ ներգաղթյալները: Նա նշել է նաև, որ 4 տարում օտարերկրացիների ներհոսքը Ռուսաստան աճել է 37 տոկոսով: 2013 թվականի հունիսին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում 11 մլն ներգաղթյալ կա:

Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով Ռուսաստան մուտք գործող բոլոր օտարերկրացի քաղաքացիները պետք է որոշակի գումար ունենան:

Նորամուծությունը կվերաբերվի այն անձանց, որոնք իրավունք ունեն Ռուսաստան այցելել առանց վիզայի: Երկիր մուտքի օրվան ընդառաջ նրանք պետք է «ապահովման գումար» ունենան՝ մոտ 36 հազար ռուբլի, ինչը 1000 դոլարից մի փոքր ավելի է: Դա անհրաժեշտ կլինի ապացուցել փաստաթղթերի միջոցով, հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ Պետդումայում իր աղբյուրի վրա հղումով:

Նախաձեռնության հեղինակները դրանով մտադիր են ՌԴ-ում օտարերկրացիների համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ սահմանել՝ նպատակ ունենալով զերծ պահել երկիրն ապօրինի ներգաղթյալների հոսքից: «Վերջին տարիներին նկատվում է օտարերկրացի քաղաքացիների կտրուկ աճ, որոնք Ռուսաստանի Դաշնություն են ժամանում առանց վիզաների` նպատակ ունենալով դրամական օգնություն ստանալ ծննդաբերության ժամանակ: Բժշկական օգնության ցուցաբերման ծախսերը հատուցվում են ՌԴ պետության համապատասխան բյուջեներից»,- ասվում է բացատրական գրությունում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման կայքում հրապարակված վիճակագրության, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացիներ հաշվառման են կանգնած Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններում: Ըստ բնակության վայրի գրանցված ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 26 441, ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 11 627: ՀՀ քաղաքացիների թիվը, որոնց վերաբերյալ ընդունվել են բնակության իրավունքի տրամադրման մասին որոշումներ, կազմում է 9 673: ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը (ըստ ժամանակավոր կացության թույլտվության և բնակության իրավունքի) կազմում է 35 707, ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2 701: ՌԴ-ում մասնավոր անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ՀՀ քաղաքացիներին տրված արտոնագրերի քանակը կազմում է 39 200 (ՆՏՆԺ-23 500): 2012թ. 3 ամիսների ընթացքում ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից միգրացիոն օրենսդրության ոլորտում իրականացված վարչական իրավախախտումները կազմում են 7 616 (ՆՏՆԺ-7 839):

Photo: fms.gov.ru