20 սեպտեմբերի 2013 - 13:52 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Վաղվանից Երևանի մետրոյում լուսանկարների ցուցահանդես կգործի

«ԵՐԵՎԱՆ. Հայացք XXI դարից». Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ու Երևանի պատմության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսն է, որին աջակցում է նաև PanARMENIAN Photo-ն: Այն կբացվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00. վայրը շատերին կարող է տարօրինակ թվալ՝ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանն է: Ինչու տարօրինակ, որովհետև առաջին անգամ է, երբ ֆոտոցուցահանդեսը կազմակերպվում է մետրոյում, այն էլ՝ տարբեր կայարաններում: Դրանք են «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանները:

Ցուցահանդեսը կտևեի մինչև հոկտեմբերի 21-ը, երբ կավարտվեն նաև Երևանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումները:

Այսպիսով, մետրոյի նշված կայարաններում կարող եք տեսնել PanARMENIAN Photo-ի ու Երևանի պատմության թանգարանի ընտրած ու մշակած ընդհանուր առմամբ մոտ 180 լուսանկար, որոնք «պատմում են» 19-րդ դարեվերջի ու 20-րդ դարի առաջին կեսի Երևանի մասին: Ի դեպ, ամեն մետրոյի կայարանում ներկայացված են տեղի մետրոպոլիտենին հնարավորինս մոտ վայրերը:

Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին՝ ժամանակաշրջանի Երևանի առանձին փողոցներին, հասարակական, վարչական և անձնական նշանակության կառույցներին:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: Այս օրերի հայաստանյան խորագիրը «Ժառանգության ժառանգներն» էր. դրանք անցկացվեցին օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին: Միջոցառմանը միացել էր մոտ 60 մշակութային օջախ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրին մոտ 200 միջոցառում: Երևանի պատմության թանգարանը, որի հետ համատեղ նախարարությունն իրականացնում է այս ցուցահանդեսը, հիմնադրվել է 1931թ.-ին:

2006թ. այն հաստատվել է Երևանի քաղաքապետարանի հետ մեկ շենքում, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է:

2007թ. ապրիլի 3-ին բացվել է թանգարանի մշտական «Երևանը հնագույն ժամանակներիվ մինչև մեր օրերը» հայեցակարգով ցուցադրությունը, որտեղ Երևանը ներկայացվում է ոչ միայն որպես աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը, այլև որպես քաղաք, որի տարածքում գտնվում են մի քանի հազարամյակների պատմություն ունեցող մարդկային քաղաքակրթության օջախներ:

Այսօր թանգարանում պահպանվում է Երևանի պատմությունը, կենցաղն ու մշակույթը ներկայացնող մոտ 94 000 առարկա: 2008 թվականից մինչ օրս հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվել է մոտ 18 աշխատություն: Թանգարանն իրականացնում է գիտահետազոտական, կրթական, ժամանցային և այլ ծրագրեր:

ՖՈՏՈՇԱՐՔ