20 սեպտեմբերի 2013 - 16:16 AMT
ԵՄ-ն շոկի մեջ էր ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումից, բայց միտված է Երևանի հետ համագործակցության նոր ձևեր գտնել

Եվրամիությունն ակտիվացրել է Արևելյան գործընկերության մի շարք հետխորհրդային երկրների հետ աշխատանքը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերի գծով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

Պետդուման ուրբաթ օրը կայացած նիստում քննարկում է հայտարարությունը, որը նախատեսվում է ընդունել ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի՝ Ռուսաստանի կողմից իբր գործադրվող ճնշման մասին Արևելյան գործընկերության ծրագրի երկրների հանդեպ:

«Բրյուսելում չափազանց ցավագին ընկալեցին Հայաստանի ղեկավարության որոշումը ՄՄ-ին հնարավոր անդամակցության մասին: Դա շոկ էր, և դա ընկալվեց որպես ազդանշան հակահարձակման հասնելու համար: Քանի որ Արևելյան գործընկերության ամբողջ ծրագիրը, որը միտված է փոքր ջանքերով մի շարք ԱՊՀ երկրների փաստացի Եվրամիության քաղաքականությանն ենթարկելուն, ԵՄ շահերի ոլորտում այդ երկրներն ընդգրկելուն, ողջ այդ ծրագիրը կարող է ձախողման ենթարկվել»,-ասել է Պուշկովը:

Նա նշել է, որ այստեղից է բխում Եվրախորհրդարանի բանաձևը, որը մեղադրում է Ռուսաստանին հետխորհրդային երկրների վրա ճնշում գործադրելու մեջ, այստեղից է բխում նաև ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այն հայտարարությունը, որ ԵՄ-ն ցանկանում է սատարել Ուկրաինայի ինքնիշխանությանը, որպեսզի Ուկրաինան ինքնիշխան որոշումներ կայացնելու բոլոր իրավունքներն ունենա:

«Ըստ Եվրամիության և պարոն Ֆյուլեի պատկերացման, ինքնիշխան որոշումները նրանք են, որոնք հեռացնում են Ուկրաինային Ռուսաստանից և ներգրավում են ԵՄ ազդեցության ոլորտում: Երբ ԵՄ ճնշումն այդ հարցում Ուկրաինայի հանդեպ, կարծես, գերազանցում է այն ամենն, ինչ մենք տեսել ենք վերջին տարիներին»,-ասել է Պուշկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իր հերթին, «Յալթայի եվրոպական ռազմավարության» համաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնեց, որ Եվրամիությունը նախկինի պես մտադրված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, չնայած նրան, որ վերջինս հետաքրքրված չէ ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնգիրը՝ գերադասելով մասնակցությունը Մաքսային միությանը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ է և միտված է Հայաստանի հետ համագործակցության նոր ձևերի»,-ասել է Ֆյուլեն: Ըստ նրա, Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության ակտիվ անդամ և շարունակում է ԵՄ առաջարկած բարեփոխումները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Օրերս Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: