21 սեպտեմբերի 2013 - 15:37 AMT
ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում քննարկվելու է անվտանգության գոտու ստեղծման և սահմանների ամրապնդման հարցը

Սոչիում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում քննարկվելու է ՀԱՊԿ արտաքին սահմանների ամրապնդման հարցը: Այդ մասին սեպտեմբերի 21-ին լրագրողներին է ասել Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Սապար Իսակովը:

Ըստ Իսակովի, նստաշրջանում նաև քննարկվելու են ռազմական դոկտրինին առնչվող հարցեր, Սիրիայի իրավիճակն ու անվտանգության հարցերը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, հաշվի առնելով կոալիցիոն ուժերի դուրս բերումն Աֆղանստանից: Ինչպես նաև ՀԱՊԿ հետագա գործունեության հետ կապված կազմակերպչական հարցեր:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել անվտանգության գոտու ստեղծման հարցը, ասել է Իսակովը: Ըստ նրա, այսօր այդ հարցը դեռ մշակված չէ: «Սակայն մենք անշտապ, հաստատուն քայլերով առաջ ենք շարժվում: Խոսքը գնում է ՀԱՊԿ արտաքին սահմանների ամրապնդման մասին, ՀԱՊԿ եղած ուժերի ու միջոցների օգտագործման մասին»,-ասել է արտաքին քաղաքականության բաժնի վարիչը, հայտնում է ԱԿԻpress-ը:

Նախատեսվում է նաև քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերյան և մայիսյան նստաշրջանների որոշումների կատարման ընթացքը:

Ավելի վաղ ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել էր, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների քննարկման է նախատեսվում ներկայացնել մի քանի կարևոր հարցեր, որոնք վերաբերում են ուժային բաղադրիչի զարգացմանը, նկատի ունենալով աշխարհում տիրող վիճակը: Ենթադրվում է, հավելել է նա, որ ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները կքննարկեն մինչև 2020 թվականը ռազմական բաղադրիչի զարգացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Դա առնչվում է և ՀԱՊԿ օդային ուժերի ստեղծմանը, և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման կազմակերպմանը, հայտնել է «Նովոստի-Ղազախստանը»:

«Ռուսական կողմը, որին անցնում է նախագահությունը կազմակերպությունում, կհայտարարի 2014 թվականի իր գերակայությունների մասին: Ակնկալվում է այդ հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը»,-ասել է Զայնետդինովը: Ավարտին, ըստ նրա, նախատեսվում է կոմյունիկե ընդունել: Ընդհանուր առմամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում շուրջ 10 հարց կա:

Սոչիի հանդիպման նախօրեին տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆ ղեկավարների, ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: