Ելենա Ֆետիսովայի և Սերժ Ավեդիքյանի «Փարաջանովը», որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմ է, կներկայացվի գերմանական Համբուրգի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Այդ մասին հայտնում է «ՈւՆՆ»-ն՝ Ուկրաինայի Կինոյի պետական գործակալության կայքի վրա հղումով:
Կինոփառատոնն անցնելու է 2013 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը:
Սեպտեմբերի 13-ին «Օսկարի» ուկրաինական կոմիտեն ընտրեց Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմը «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մասնակցելու համար:
Ընտրությունը կատարվել է «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթարմա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել է կոմիտեի 10 անդամներից 6-ը:
«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան այս տարվա հոկտեմբերի 3-ին է։ «Փարաջանովը» ճանաչվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ:
Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։
«Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել է այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան կբարձրանա մի քանի օրից՝ սեպտեմբերի 26-ին:
ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: