23 սեպտեմբերի 2013 - 18:05 AMT
Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հայաստանի նախագահը Սոչիում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպմանը զրուցակիցները հայտարարել են, որ Բելառուսն ու Հայաստանը սատարում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին:

«Սիրիայի և մյուս հակամարտությունների հարցում մենք գործում ենք ՌԴ հետ միասնական ուղղությամբ»,- ասել է Լուկաշենկոն:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողմ է սիրիական հակամարտության շուտափույթ կարգավորմանն ազգամիջյան երկխոսության հիման վրա:

«Մենք ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նախագահ Սարգսյանի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին:

«Ես միանշանակ կասեմ. եթե Հայաստանը որոշի երկու ոտքով մտնել մեր կազմակերպություն, ապա Բելառուսը երբեք դրան չի խոչընդոտի, այլ կսատարի ձեր ձգտումներին և կնպաստի, որպեսզի արագ ավարտին հասցվեն բոլոր ընթացակարգերն ու դուք միանաք մեզ»,- ասել է Լուկաշենկոն, հայտնում է ԲելաՊԱՆ-ը:

Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շատ լրջորեն է տրամադրված այդ հարցում: «Մենք մտքափոխ չենք եղել, քանի որ ինքներս ենք եկել այդ կարծիքին»,- ասել է նա:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզել է բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասել էր, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Եվրամիության ղեկավարները նաև դատապարտել էին այն ճնշումը, որը, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: