24 սեպտեմբերի 2013 - 12:05 AMT
ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Հայաստանը ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը

ՀԱՊԿ պետությունների ղեկավարների Սոչիում կայացած հանդիպմանն ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: «Ցանկանում եմ հաստատել, որ Հայաստանը շահագրգռված է դիտորդի կարգավիճակ ստանալ»,-ասել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ ՇՀԿ-ն կարևոր ավանդ ունի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պահպանման գործում»: «Հուսով եմ, որ կստանանք ձեր աջակցությունն այդ հարցում»,-դիմել է Հայաստանի նախագահն իր պաշտոնակիցներին:

Հայաստանը մտադիր է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, բայց դեռևս դիտորդի կարգավիճակով: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր չինացի պաշտոնակից Լի Կեցյանի հետ հանդիպման ավարտին: Կեցյանը հայտարարել է, որ Չինաստանը հարցը կքննարկի ՇՀԿ իր գործընկերների հետ:

Ավելի ուշ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը ձգտում միանալ ՇՀԿ-ին, նշել է. «Հայաստանը մտնում է այսպես կոչված Մեծ Մերձավոր Արևելքի մեջ, սահմանակից է Իրանին, և մասնակցությունն այդ ինտեգրացիոն ձևաչափին տրամաբանական է»: Ըստ նրա, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ակնհայտ է, որ Երևանը պետք է ընդլայնի այդ ինտեգրացիոն գործընթացը: Մաքսային միությունը տնտեսական միություն է, ՀԱՊԿ-ը՝ ռազմական դաշինք, իսկ ՇՀԿ-ն՝ ռազմաքաղաքական, ավելի ճիշտ՝ ռազմատնտեսական:

Հետևաբար, Հայաստանն այդ հայտարարություններով հաստատում է ինտեգրման ուղղությունը այն ձևաչափերին, որոնց մասնակցում է Ռուսաստանը, հավելել է Մարտինովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ միջպետական ձևաչափի անդամների ավելացումը, անշուշտ, կհանգեցնի կազմակերպության ամրապնդմանը: «Երկրորդը՝ ՇՀԿ-ն նրա համար էլ ստեղծվել է, որ միավորի Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Չինաստանը, Ռուսաստանը»,- ասել է Ալեքսեյ Մարտինովը: