25 սեպտեմբերի 2013 - 11:52 AMT
ԶԼՄ-ներ. Երևանը շտապում է անդամակցել ՄՄ-ին, իսկ ԵՄ-ն չգիտի թե ինչ անել Հայաստանի հետ

«Ժողովուրդ» թերթը իր աղբյուրների վրա հղումով հայտնում է, որ Սոչիից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հանձնարարել է շտապ ձևավորել ՀՀ բանիմաց տնտեսագետներից և գործարարներից բաղկացած մի խումբ` գործուղելու համար Մոսկվա` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ՀՀ-ին սպասվելիք տնտեսական ռիսկերը ներկայացնելու համար:

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Սոչիում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպմանը նեղ կազմով:

Ինչպես գրում է թերթը, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ղեկավարած այդ խումբն այսօր արդեն կմեկնի ՌԴ մայրաքաղաք, որտեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ռուս փորձագետների հետ կքննարկվեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ՀՀ-ի հետ միասնական մաքսային գոտու գործարկման մեխանիզմները:

«Հաշվի առնելով այն, թե ինչպիսի հապշտապությամբ է այդ խումբը ձևավորվել, կարելի է ենթադրել, որ ռուսները ամեն կերպ ցանկանում են օր առաջ ավարտին հասցնել ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը»,-գրում է թերթը, հայտնում է aysor.am-ը:

Իսկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը անկեղծորեն խոստովանել է «Հայկական ժամանակ» թերթին, որ ոչ ոք չի պատկերացնում Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա օրակարգը:

«Ես շատ անկեղծ կլինեմ և կասեմ, որ այս պահին ոչ ոք չի պատկերացնում և չի հասկանում, թե ինչպիսին պետք է լինեն հետագա քայլերը: Մենք գիտենք, որ Բրյուսելում ինտենսիվ քննարկումներ են գնում, ավելին, իմ գործընկերները Լոնդոնում և այլ եվրոպական քաղաքներում քննարկումներ են անցկացնում այդ հարցի շուրջ: Ինչպես հասկանում եմ, Հայաստանի կառավարական շրջանակներում ևս քննարկվում է մեր հարաբերությունների առաջընթացի հարցը»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: