2 հոկտեմբերի 2013 - 10:27 AMT
Ռումինիայի նախագահը մտահոգված է. Մոլդովան կարող է հետևել Հայաստանի օրինակին

Մոլդովան կարող է վերջին պահին հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նման մտավախություն է հայտնել Ռումինիայի նախագահՏրայան Բեսեսկուն Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանի հետ հանդիպմանը:

Ըստ նրա, Մոլդովայում կարող է կրկնվել հայկական սցենարը, երբ Երևանը եվրաինտեգրմանը գերադասեց ինտեգրումը Մաքսային միությանը: «Դուք տեսաք, թե ինչ արեց Հայաստանը, իրավիճակը շրջելով 24 ժամվա ընթացքում»,- նշել է նա:

Ռումինիայի նախագահը հավաստիացրել է, որ մոլդովական ընդդիմության արձագանքից հասկացել է, որ նրանք կտրականապես դեմ են այն համաձայնագրերին, որոնք նախաստորագրվելու են Վիլնյուսում: «…Դուք գրեթե հայրենասիրական առաքելություն ունեք՝ մնալ իշխանությունում 2014-2015 թթ. ընտրություններից հետո, որպեսզի կարողանաք վավերացնել համաձայնագրերն ու նույնիսկ կյանքի կոչել դրանք, քանի որ հակառակ դեպքում դրանք կմնան զուտ որպես հեքիաթ»,- հավելել է Բեսեսկուն, հայտնում է «Ռոսբալտը»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: