1 հոկտեմբերի 2013 - 20:24 AMT
Օլանդին ՄՄ-ն չի վախեցնում՝ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրոպական ճանապարհին

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նախագահները համակարծիք են այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու գործակցության տեմպն և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի բաժնից: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն մտադիր է միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակի կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Վիլնյուսում Հայաստասնի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: «Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման մասին համաձայնագրի մաս է կազմում: Դա միասնական փաստաթուղթ է, և մեկը մյուսից հնարավոր չէ անջատել»,- ասել էր Ֆյուլեն: Պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ԵՄ հետ Հայաստանի գործակցության նոր ձևաչափ նախատեսող մեկ այլ փաստաթուղթ նախապատրաստվել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը՝ Ֆյուլեն ասել էր, որ նման լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ պատրաստել մինչև նոյեմբեր:

Այնուամենայնիվ, նա հավելել էր, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանի հետ հետագա գործակցությունից: Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ Երևանը միտված է ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը, որոնք չեն հակասի Մաքսային միությանը: Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին Մոսկվայի ճնշումը, որը, նրանց կարծիքով, գործադրվում է Ուկրաինայի ու ԵՄ հետ առևտրային կապերն ընդլայնել փորձող մյուս երկրների հանդեպ:

Photo: president.am