2 հոկտեմբերի 2013 - 11:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ՌԴ-ում, Ուկրաինայում, և նույնիսկ G 20-ում

2013 թվականի հոկտեմբերի 2-ին Երևանում աշխատանքն է սկսել «Ֆինանսական Օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով ամենամյա կոնֆերանսը, որը կազմակերպել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Խորհրդաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել սպառողների ֆինանսական իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, ԱՄԷ, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, ինչպես նաև հայկական բանկերի, ապահովագրական ընկերությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում ելույթով հանդես կգան Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ծառայությունների հաշտարար Կարոլին Միտչելը և ֆինհաշտարար Ուիլյամ Պրասիֆկան:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ բողոքի քննման գործընթացը պարզ է, արագ և թափանցիկ:

Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն սկսել է իր մասնագիտական գործունեությունը 2009 թվականի հունվարի 24-ից:

Գրասենյակի ստեղծման պահից ի վեր՝ 2009թ. հունվարի 24-ից մինչ օրս այն մի քանի փուլ է անցել՝ կազմակերպչական, երբ նոր ինստիտուտ էր ստեղծվում և վիճահարույց հարցերը շատ էին, ճանաչված դառնալն ու բնակչության շրջանում վստահություն նվաճելը: Սկզբնական շրջանում, երբ գրասենյակն ընդամենը երկու աշխատակից ուներ և գտնվում էր ԿԲ շենքում, նրա գոյության մասին գիտեր հարցվածների ընդամենը 12 տոկոսը, որից 4 տոկոսը սոսկ ընդհանուր պատկերացում ուներ գրասենյակի մասին: 2009թ. ստացվող բողոքիների 70 տոկոսը դուրս էր գրասենյակի իրավասությունից: Իսկ 2011-ին արդեն հարցման մասնակիցների 95 տոկոսը գիտեր ֆինանսական հաշտարարի աշխատանքի մասին:

Ըստ 2013 թ. պաշտոնական զեկույցի, երեք եռամսյակի համար Գրասենյակը ստացել է 1298 բողոք, որոնց վերաբերյալ կառույցի աշխատակիցները համապատախասն խորհրդատվություն են ներկայացրել: 2013 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը Գրասենյակը ստացել է 535 գրավո պահանջ ՀՀ քաղաքացիներից, որից 68 տոկոսը հետաքննվել է հոգուտ հաճախորդների: Ավելին, հաշվետու շրջանում Գրասենյակի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունները հատուցել են քաղաքացիներին մոտ 130 մլն դրամ:

Ըստ գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանի, գրասենյակի աշխատանքի կարևոր ուղղություններից է ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գործընկերային հարաբերությունների ստեղծումը, որի շրջանակում ներդրվել է հաշտեցման ինստիտուտը ֆինանսական կազմակերպությունների հետ վեճերում: Նա հայտնել է նաև, որ Գրասենյակը շարունակում է ակտիվ աշխատանքը մարզերում՝ իրազեկելով մարդկանց կառույցի աշխատանքի մասին, անց են կացվում սեմինարներ բարձր դասարանների աշակերտների համար:

«Դա թույլ է տալիս քաղաքացիներին ավելի լավ ծանոթանալ իրենց իրավունքներին և անհրաժեշտության դեպքում դիմել Գրասենյակ»,- ասել է նա:

Անդրադառնալով միջազգային գործակցությանը՝ Փիրուզ Սարգսյանը հայտնել է, որ ՀԲ մասնագետների հետ համատեղ 2012 թվականին կազմակերպվել են այցելություններ Ռուսաստան, Ուկրաինա, Բոսնիա և Հերցոգովինա, որոնց ընթացքում ներկայացվեց Ֆինանսական հաշտարարի հայաստանյան գրասենյակի աշխատանքի փորձը: Կայացավ նաև ուկրաինական պատվիրակության պատասխան այցը՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ հայկական փորձին: Ռուսաստանում իրավիճակն ավելի կոնկրետ է, այնտեղ արդեն մշակվել է համապատասխան օրինագիծ, որը, սակայն, դեռ չի ուղարկվել Պետդումա:

«Համապատասխան օրինագծի մշակման հիմքում եղել են բրիտանական և հայկական մոդելները, որոնք մոտ են իրենց կառուցվածքով»,- ասել է նա: Բացի այդ, Գրասենյակը ներկայացրել է իր փորձը նաև Մեծ քսանյակի (G 20) գագաթաժողովում 2013 թ. ամռանը՝ ՀԲ մասնագետների և Մեծ Բրիտանիայի օմբուդսմենի հետ համատեղ:

ՖՈՏՈՇԱՐՔ